Եկամտահարկի վերադարձի օրենք. ովքե՞ր կարող են օգտվել եկամտահարկի վերդարձի արտոնությունից և ի՞նչ կարգով

14.03.2021

 

Եկամտահարկի վերադարձի օրենք. ովքե՞ր կարող են օգտվել եկամտահարկի վերդարձի արտոնությունից և ի՞նչ կարգով։

Եկամտահարկի վերադարձի օրենքը վարձու աշխատողներին տալիս է ի հաշիվ վճարված եկամտահարկի հիփոթեքային վարկի տոկոսները մարելու հնարավորություն։

Ովքե՞ր կարող են օգտվել արտոնությունից։

Վարձու աշխատող հանդիսացող բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր հարկային գործակալի միջոցով, իսկ վերջինի բացակայությաբ դեպքում` անձամբ, վերջին եռամսյակի ընթացքում կատարել են աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային պարտավորությունները։

Անշարժ գույքի ի՞նչ տեսակներին է վերաբերում օրենքը և ո՞ր դեպքերում է կիրառելի։

Բնակարանի դեպքում, եթե՝

✅ձեռք է բերվել/բերվելու անմիջապես կառուցապատողից,

✅ձեռք է բերվել պետությունից/համայնքից` բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում:

Անհատական բնակելի տան դեպքում, եթե՝

✅օրինական շինթույլտվությամբ կառուցում է վարձու աշխատողը,

✅գտնվում է ՀՀ բնակելի թաղամասերում կամ համալիրներում եւ անմիջապես  ձեռք է բերվել  իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից։

Պետք է հաշվի առնել, որ՝

2018թ-ի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկի վարկառուն կամ համավարկառուն եկամտահարկի վերադարձի հնարավորությունից կարող է օգտվել միայն 1 անգամ։

‌Ձեռք բերվող գույքի պայմանագրային արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը։

Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ դիմումը մերժվում է, եթե՝

  • ‌ Հաշվետու եռամսյակի հարկային պարտավորությունները, ամբողջությամբ կատարված չեն,
  • ‌Չեն ներկայացվել օրենքով սահմանված փաստաթղթերը:

Առաջին անգամ եկամտահարկի փոխհատուցման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները`

✅Հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում,

✅Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ,

✅Վարկառուի ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ) կամ ՀԾՀ չունենալու տեղեկանք եւ ՀՎՀՀ` առկայության դեպքում,

✅Հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ նոտարով հաստատված պատճենը և գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք ձեռք բերելու իրավունքի) վկայականը,

✅Վարկը տրամադրած ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի վճարած տոկոսագումարների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) մասին,

✅Շենքի կառուցապատողից տրված տեղեկանք գույքը անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, իսկ պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու դեպքում` համապատասխան մարմնից,

✅Բնակարանի առուվաճառքի կամ կառուցվող շենքից անշարժ գույք ձեռք բերելու իրավունքի մասին պայմանագիր, իսկ պետությունից կամ համայնքից ձեռք բերելու դեպքում՝ համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագիր,

✅Անհրաժեշտության դեպքում եռամսյակի ընթացքում վճարված  եկամտահարկի գումարների վերաբերյալ գործատուի կողմից հաստատված տեղեկանք։

Հաջորդող հաշվետու եռամսյակների ընթացքում (եթե, իհարկե, մնացյալ տվյալները անփոփոխ են) վարկառուն պարտավոր է ներկայացնել միայն`

 ✅Վարկը տրամադրած ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի վճարած տոկոսագումարների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) մասին,

 ✅Անհրաժեշտության դեպքում եռամսյակի ընթացքում վճարված  եկամտահարկի գումարների վերաբերյալ գործատուի կողմից հաստատված տեղեկանք։

Աղբյուրներ՝

https://www.arlis.am/documentview.aspx?docid=116657

https://www.e-gov.am/gov-decrees/item/30421/