Նոր Երկաթգիծ Մետրոպոլիտենից մինչև Օդանավակայան

04.12.2015

Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանն ու Երևանի մետրոպոլիտենն իրար կապող երկաթգիծ կառուցելու ծրագիրը կիրագործվի մոտ ապագայում, տեղեկացնում են հայկական ԶԼՄ-երը՝ հղում կատարելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հայտարարությանը: Մայիսի 4-ին երկաթուղային գծի կառուցման մտադրության եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի միջև:

Նոր երկաթգիծը կկառուցվի «Զվարթնոց» օդանավակայանի և մետրոյի «Չարբախ» կայարանի միջև: Երկաթուղու երկարությունը կկազմի 7.8 կիլոմետր, որից 5.35 կիլոմետրը նոր կառուցվող հատվածն է: Ծրագրով նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ թունելի կառուցում: Ծրագրի շինարարությունը կտևի 1 տարի:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2011 թ. նոյեմբերին հավանություն էր տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի» հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որի շրջանակներում էլ կառուցվում է վերոնշյալ երկաթգիծը:

Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը երկաթուղային գծով միացնելու մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ երկաթուղու «Կարմիր բլուր» կայարանին:

Աղբյուրներ՝ www.armenianow.com; www.news.am; www.tert.am; www.construction.am